12/04/2019

Լսարան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի անունով /ֆոտոշարք, տեսանյութ/


 Այսօր՝ ապրիլի 12-ին նախկինում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում (այժմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց) տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Բագրատ Ալեքսանյանի անվան լսարանի բացումը, որտեղ էլ սովորել է վերջինս:
Տեղի ունեցավ միջոցառում նվիրված ապրիլյան պատերազմում զոհված տղաների հիշատակին և մեկ այլ միջոցառում՝ նվիրված Բագրատ Ալեքսանյանին: Նախաձեռնողը Լուսինե Մելոյանն էր՝ Բագրատի դասղեկը, ով միշտ հիշում ու պատմում է նրա մասին իր ներկայիս ուսանողներին:
«Բագրատի հիշատակը փորձեցինք այսպես վառ պահել, որ հաջորդ սերունդներն էլ տեսնեն ու ճանաչեն մեր հերոսին: Ես դասավանդել եմ նրան, միևնույն ժամանակ եղել նրա դասղեկը: Բոլորը սիրում էին Բագրատին, պարտաճանաչ ու խելացի տղա էր», - ասում է Լուսինե Մելոյանը:
 Լսարանի բացումն արեցին Բագրատի հայրն ու մայրը: Ներկաներին նվիրեցին Բագրատի՝ «Վերադարձ» գիրքը: Բագրատը երազում էր ծառայությունն ավարտելուց հետո իր գրած բանաստեղծություններով գիրք հրատարակել: Ցավոք, չհասցրեց: Սակայն զոհվելուց հետո լույս տեսավ նրա բանաստեղծությունների ժողովածուն:    
 Ներկա էին նաև Բագրատի դասընկերները, որոնք չկարողանալով զսպել արցունքները, պատմում են.
 «Լավ ընկեր էր, բարի, կամեցող: Միշտ օգնության էր հասնում, ով դրա կարիքն ունենում էր: Հպարտ ենք որ մեր շարքերում նման մարդ է եղել: Մենք բոլորս ենք շնորհակալ նրան, Բագրատը մեր հերոսն է»: 
Հիշեցնենք, որ Բագրատ Ալեքսանյանը 2014 թվականին անցել էր ծառայության Մեխակավանի (Ջեբրայիլ) զորամասում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Վարազաթումբ (Լյալյա-Իլյագի) բարձունքը թշնամու կողմից ենթարվեց գրոհի։ Հրեշտակների ջոկի տղաները ժամեր շարունակ մարտ են վարել, որի արդյունքում նրանց հաջողվել է թշնամուն պատճառել մեծաքանակ կորուստներ։ Բարձունքի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհվել է նաև Բագրատ Ալեքսանյանը, ով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։
                                                                                                 Նյութը՝ Լիանա Բրյանի
Տեսանյութը՝ Գոհար Աթաբեկյանի













Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 

Տեղեկացրու՛ ընկերներիդ`