11/04/2019

«Ինչ լավ է, հայր ու որդի իրար հետ կռվում են թուրքի դեմ».Այսօր Սպարտակ Քալաշյանի տարեդարձն է

Գյումրի 11.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 11-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Սպարտակը կդառնար 22 տարեկան։
Ծնունդով Վանաձորցի Սպարտակը հայրենիքի, հայրենասիրության պայքարի ու հաղթանակի մասին դեռ մանկուց էր լսել, նա էլ Արցախյան ազատամարտից իր մեջ մասնիկ կրողներից մեկն էր։ Զոհված քեռու անունով անվանակոչված Սպարտակը ընդամենը 14 տարեկան էր, երբ արդեն Պատանի Երկարպահ միության անդամ էր, ակտիվ մասնակցում էր ռազմահայրենասիրական միջոցառումներին ու ծրագրերին։
Ս.Շահումյանի անվան N 6 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Սպարտակը ընդունվել էր Գյուղատնտեսական քոլեջ, սովորել և ստացել տեխնիկի որոկավորում։
2015թվ. անցել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտունիի զորմասերից մեկում, որպես հրաձիգ։
Հարազատները նշում են, որ Սպարտակը մեծ սիրով է անցել ծառայության, հպարտության մեծ զգացումով, որ պաշտպանելու է հոր, քեռու ու հորեղբոր ջանքերով ազատագրված Արցախ աշխարհը։

- Ապրիլյան պատերազմը որ սկսվեց, ամուսինս շատ ակտիվ մասնակցություն ունեցավ սնունդ և հիգիենայի պարագաներ Արցախ տեղափոխելու գործում:
Սպարտակս իմացավ, որ հայրը մեկնել է Արցախ, ուրախությանը չափ չկար, ասում էր. « Ինչ լավ է, հայր ու որդի իրար հետ կռվում են թուրքի դեմ»։
Առաջին անգամ հայրը չկարողացավ որդուն տեսնել, քանի որ առողջական խնդիրներ էին առաջացել կամավորներից մեկի մոտ  ու պետք էր շտապ տեղափոխեին  Երևան։
Ապրիլի 11-ին Սպարտակիս ծնունդն էր, այդ գիշեր ամուսինս կրկին մեկնեց Արցախ: 12-ին հանդիպեցին, շատ չեն հասցրել զրուցել, ժամանակը քիչ է եղել, բայց ամեն դեպքում երեխուս գոնե գրկել ու կարոտը, թեկուզ մի փոքր, բայց դե առել էր:
Նոր համազգեստ էր տվել ու ստիպել, որ փոխի, մի կերպ, բայց փոխել էր, իր հագի համազգեստն էլ բերել էր տուն:
Միշտ երանի եմ տալիս ամուսնուս աչքերին: Այնքան կարոտով էի համբուրում Սպարտակիս հագուստը, լացում էի, երկար հոտ էի քաշում, չէի կարողանում հանգստանալ, կարոտը խեղդում էր,-Banak.info կայքին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Սպարտակի մայրը։

2016թվ.ապրիլի 21-ին դժբախտ պատահարի արդյունքում Սպարտակը մահացել է։ Սպարտակը մտադրություն ուներ ծառայության ավարտից հետո զբաղվել իր սիրելի գործով՝ խոհարարությամբ։
Սպարտակ Սարգսի Քալաշյանը ԱՀ և ՀՀ նախագահների կողմից ստորագրված հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`