16/04/2019

Այսօր աշխարհազորային Էդուարդ Ալեքսանյանի տարեդարձն է

Գյումրի 16.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 16-ին, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հակառակորդի իրականացրած գործողությունների արդյունքում զոհված Էդուարդը կդառնար 64 տարեկան։
Էդուարդը ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր:  Սովորել էր Դաստակերտ ավանի դպրոցում: 1974-76թվ. ծառայել էր Խորհրդային բանակում:
1988-1992թվ. կամավոր մասնակցել էր Սիսիանի շրջանի պաշտպանությանը: Մասնակցել էր Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին:
1992թվ. ծառայության էր անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերում:
Լավ ծառայության համար արժանացել էր մի շարք խրախուսանքների, շնորհակալագրերի ու պատվոգրերի:
2006թվ. մայորի կոչումով անցել էր զինվորական կենսաթոշակի։ 2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 3-ին Սիսիանի կամավորականների ջոկատի կազմում Էդուարդ Ալեքսանյանը մեկնել էր Արցախ։ Ապրիլի 4-ին Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել էր Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվել են Սեդրակ Ասրյանը, Սերգեյ Դանղյանը, Արմեն Հովհաննիսյանը, Դավիթ Սարգսյանը, Կարո Համբարձումյանը, Եղիշե Նիկալյանը, Էդուարդ Ալեքսանյանը, Արմեն Բեգլարյանը և Մայիս Միրզոյանը:
Էդուարդ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է  ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով: 
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Նյութի տվյալները վերցված են  Vorotan.am կայքից։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`