08/04/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Կարեն Ներսիսյանի տարեդարձն է

Գյումրի 08.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 8-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Կարենը կդառնար 22 տարեկան։
Կարենը ծնունդով Կոտայքի մարզի Բջնի գյուղից էր։
2003-2014թվ. սովորել էր Բջնիի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում: Ավարտել և ընդունվել էր Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական բաժինը։
Կարենը զբաղվել է սպորտով, դրա հետ զուգահեռ ցանկություն է ունեցել ծրագրավորման ոլորտում քայլեր անել, քանի որ սիրում էր համակարգչի, հեռախոսների և այլ տեխնիկաների հետ աշխատել:
Ուսումը կիսատ թողնելով 2015թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի` Հադրութի շրջանի Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում:
Ծառայության ընթացքում Կարենը մասնակցել էր սերժանտական դասընթացների, աչքի էր ընկեր իր ունակություններով և արժանացել էր սերժանտի կոչման:
2016թվ. ապրիլին թշնամին ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ արցախ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝ օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա և մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը Մեխակավանի բարձրունքներից մեկը  թշնամու կողմից ենթարվել էր գրոհի։ Բարձունքում մարտական հերթապահություն իրականացնող զինվորները ժամեր շարունակ պայքարել են թշնամու մեծաքանակ ուժերի դեմ։ Ժամկետային զինծառայողների օգնության են հասել սպաներից բաղկացած խումբը։
Բարձունքի պաշտպանության ժամանակ քաջաբար մարտնչելիս ընկել են սպաներ՝ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, Սուրեն Մելքումյանը, ժամկետային զինծառայողներ՝ Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը, Կարեն Ներսիսյանը, Ժորա Եսայանը, Բորիս Օզմանյանը, Ադամ Սահակյանը,  Տիգրան Բերակչյանը, պայմանագրային զինծառայող՝ Անդրանիկ Գրիգորյանը։
Կարեն Արտակի Ներսիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից «Արիություն», ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`