13/04/2019

Արտակ Ռաֆայելյանն այսօր կդառնար 22 տարեկան

Գյումրի 13.04.2019թվ.Banak.info
Այսօր՝ ապրիլի 13-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Արտակ Ռաֆայելյանի տարեդարձն է։
Հրազդանցի Արտակը ընդամենը 15 տարեկան էր, երբ արդեն «Դյուցազնագրքի» ռեկորդակիր էր, հետագայում նաև «Գինեսի» գրքի ռեկորդակիր. պառկած դիրքից ավելի քան 11 հազար անգամ կատարել էր հենում–ծալում վարժությունը:
Կյանքում առհասարակ պարտվել չէր սիրուն, շատ ճարպիկ էր, սիրում էր հաղթահարել դժվարություններն ու իր առջև դրված խնդիրները միշտ գերազանցել։ Արտակն օժտված էր բնատուր առտառոց ուժով։
Արտակը սովորել և ավարտել էր Հրազդան քաղաքի Հ.Օրբելու անվան թիվ 13 դպրոցը։
2015թվ. Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի N զորամասում` որպես գնդացրորդ։
2016թվ.ապրիլին սկսված ռազմական գործողություններին Արտակն իր կարևոր ներդրումն էր ունեցել, գնդացրորդը արժանապատվորեն կատարել էր իր առջև դրված մարտական խնդիրները, որի համար խրախուսվել էր։
2017թվ. մարտի 28-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումից զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող 1997թվ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը։
Արտակը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`