20/04/2019

Ապրիլյան պատերազմ ապրածները

Տիգրանն ու Գարիկը
«Պատերազմը մեզ եղբայներ դարձրեց»

«Երբ ապրիլի 1-ի գիշերը տագնապ տվեցին, չէինք հավատում, որ լուրջ է, մտածում էինք՝ երևի ուսումնական տագնապ է:
 Բայց դիրքեր բարձրանալու հրաման եղավ, իսկ հրամանտարն անհանգիստ էր: 
Մեզ պատերազմը չէր վախեցնում, այլ ընկերներին կորցնելու հեռնակարը... Մենք հետախույզներ էինք, ովքեր ամեն պահի պետք է պատրաստ լինեին զոհվելու»,-պատմում է Տիգրան Գևորգյանը, ու ես իր հայացքում կարդում եմ այն չասված խոսքերը, որոնք իր փոխարեն աչքերն էին ասում՝ կռիվ տեսած աչքերը: 
«Պատերազմը սովորեցրեց իրար կյանք փրկել, ամենադժվար պահերին, երբ ընկերդ կողքիդ է, մահվան մասին չես մտածում»,- ասում է Գարիկ Հովհաննիսյանը:

Տիգրանն ու Գարիկը զինակից ընկերներ են, որոնց, ինչպես իրենք են ասում, պատերազմը եղբայներ դարձրեց: 
«Ապրիլյանի մասին խոսելը հեշտ չէ, նույնիսկ էդ բառի մեջ մի տեսակ ցավ կա, փորձում եմ չպատմել, մոռանալ այն ամենը, ինչը տեսանք, բայց բացակա ընկերների վիշտը թույլ չեն տալիս: 
Ինչ էլ պատմեմ կթվա, թե ինչ-որ անհավանական բան է, դա կհասկանա միայն նա, ով անցավ այդ ամենի միջով: Հիշում եմ, երբ կրակում էին Տիգրանի ուղղությամբ, մեզ թվաց, թե փամփուշտը կպավ նրան: էնպիսի զգացողություն է, որ բառերով անհնար է բացատրել. մտածել, որ ամենամոտ ընկերդ կարող է էլ չլինել...»։

Գարիկի մի քանի վայրկյան լռությունն ասում է շատ ավելին, քան կասեին նրա բառերը:
 «Մեզ հրաման էր տրված ազատագրել 116 դիրքը, որտեղ մինչև մեր հասնելը կռիվ էր տվել Աբաջյան Ռոբերտը: Ափսոս մի քիչ ուշ հասանք, թեև հաջողվեց քսան հոգով կռվել հակառակորդի հարյուր հիսուն հոգանոց խմբի դեմ ու հետ գրավել 116 դիրքը»։
Ընկերների արյամբ ու կորստով վիրավոր հողը կրկին հայկական կողմինն է:
 Ի դեպ Տիգրանն ու Գարիկն ապրիլյան պատերազմից հետո կրում են «Արիության համար» մեդալ:

Մերի Գևորգյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`