29/04/2019

2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար. զեկույց


2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 609 մլն դոլար, ինչը 33 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին: Այս մասին են վկայում Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալները:
Զեկույցում տեղեկություններ չկան Ադրբեջանի եւ Վրաստանի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս հարեւանին՝ Իրանին, ապա Իրանի ռազմական ծախսերը կազմել են 13,2 մլրդ դոլար:
Զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Ռուսաստանի ռազմական ծախսերը կազմել են 61,4 մլրդ դոլար, ինչը SIPRI վարկանիշով ըստ ռազմական ծախսերի չափի նրան դարձրել է վեցերորդը: 2017 թվականի համեմատությամբ Ռուսաստանի ռազմական ծախսերը 3,5 տոկոսով կրճատվել են:
2018 թվականին Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 24 տոկոսով՝ մինչեւ 19,0 մլրդ դոլար, ինչը տարեկան ամենաբարձր տոկոսային աճն է աշխարհի 15 խոշոր ռազմական ծախսերով երկրների շարքում:
2018 թվականին ռազմական ծախսերի ամենամեծ բացարձակ աճ է դիտվել ԱՄՆ-ում (27,8 մլրդ դոլար), իսկ ամենամեծ կրճատումը՝ Սաուդյան Արաբիայում (- 4,6 մլրդ դոլար):
Չինաստանը, որը ռազմական ծախսերի մեծությամբ աշխարհում երկրորդ երկիրն է, 2018 թվականին իր ռազմական ծախսերը մեծացրել է 5,0 տոկոսով՝ մինչեւ 250 մլրդ դոլար: Չինաստանի ռազմական ծախսերի աճ է դիտվում 24-րդ տարին անընդմեջ:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին  ռազմական ծախսերն աճել են մինչեւ 1822 մլրդ դոլար, ինչը 2,6 տոկոսով ավելի է, քան 2017 թվականին:

Նյութը՝ News.am կայքի։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`