16/03/2019

Ռազմական խորհրդի նիստ ՊԲ-ում

Մարտի 16-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին և ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին:
 Ռազմական խորհրդի աշխատանքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարները, բնագավառի հետ առնչվող զինվորական պաշտոնյաներ:
 Ներածական խոսքում ներկայացնելով օրվա աշխատակարգը, բանակի հրամանատարը անդրադարձել է նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, մասնավորապես նշելով, որ դրանց հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը:
 Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը ծավալուն անդրադարձ է կատարել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, առկա խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները:
 Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հնչել են հաշվետու զեկույցներ, որոնք վերաբերում էին տարբեր զորատեսակներում սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակին, միավորումներում և զորամասերում` նշված ոլորտի կազմակերպման աշխատանքներին, մարտական հերթապահությունում և մշտական տեղակայման վայրերում առկա զինամթերքի պահպանման, հաշվառման և գործընթացի վերահսկողության հարցերին, տեսադիտարկման համակարգերի վիճակին և հարակից այլ թեմաների:
 Ընդհանրացնելով ելույթների, վերլուծական զեկույցների և քննարկումների արդյունքները, ՊԲ-ի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունը ընդգծվել է խորհրդի նիստի ընթացքում և հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց, հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`