21/03/2019

Լույս տեսավ Մարտիկյանի մատենաշարի 12-րդ հատորը

Ռադիոհաղորդավար, հրապարակախոս, ակնարկագիր Գոհար Մարտիկյանի  «Ապրելու բանաձևը» մատենաշարն  արդեն ունի 12-րդ հատորը:
Հերթական հատորի շնորհանդեսն այս անգամ  կայացավ մայր բուհում, որտեղ  ուսանել է հեղինակը: Միջոցառումն սկսվեց  Մարտիկյանի մասին պատմող ֆիլմով, որտեղ  ներկայացվեց  առաջինից  մինչև 12-րդ հատորները՝ սկսած հերոս որդուց մինչև հայրենիքի համար կյանքը զոհած մյուս նվիրյալները:
Մարտիկյանն իր  հատորներում  անդրադարձել է և´  Հայաստանի, և´ Արցախի   տարբեր տարածաշրջանների հերոսների կյանքի ու կռվի պատմությունը: Հերոսների մասին պատմելիս Մարտիկյանը մեծ տեղ է հատկացնում նրանց ծննդավայրին, տոհմի պատմությանը, ինչպես հաճախ է  սիրում  կրկնել՝   նախնիների և հայրենի հողի պաշտամունքը ուժի աղբյուր է նրա համար: 12-րդ հատորում նա այսպես ասած հասել է  Արարատի մարզ՝  ներկայացնելով Արարատի  նվիրյալներին: Մարտիկյանը, երբ այցելում է հերոսների ընտանիք՝ նոր  պատմություններ  վավերացնելու, ասում  է, որ չի եկել մխիթարելու, այլ եկել է ասելու, որ նա էլ իրենց պես հպարտ ու ամուր  կանգնած է հողին :

Իր մատենաշարի առաջին  հատորը սկսվում է որդու՝  հատուկ նշանակության գնդի առաջին ջոկի հրամանատար Աշոտ Չախոյանի պատմությամբ, ով, Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալով, զինվորագրվում է՝ հայրենիքին իր ծառայությունը մատուցելու:  1994թ հունվարի 31-ին հատուկ նշանակության գնդի մարտիկներին   շրջապատման վտանգից ազատելու համար Քարվաճառի բարձունքում Աշոտը միայնակ կռվեց, փակեց  թշնամու առաջխաղացման ճանապարհն ու մեկուկես ժամ անց  դարձավ հավերժի ճամփորդ: Ռադիոհաղորդման հետագայում նաև մատենաշարի գաղափարը եղել է որդու մահվանից հետո, երբ որոշել է հերոսների պատմությունը հետագա սերունդներին ներկայաացնել:
« 2002 թվականից՝ 17 տարի շարունակ,    Հանրային  ռադիոյի եթերում   հերոսի մոր շուրթերով ու գրչով հնչում  ու գրքի էջերում  անմահանում է  հազարավոր  հերոսների ապրելու բանաձևը: Հեղինակն հույս ունի, որ  12-րդ հատորը վերջինը չի լինի, նա նույն նվիրումով ու նույն  պատրաստակամությամբ կշարունակի սկսած գործը: Միջոցառմանը հնչեցին հեղինակի գործերից հատվածներ, երախտիքի խոսքեր՝ արված աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև հնչեց հայրենասիրական երգեր:

 «Այստեղ խոսվեց իմ   արած աշխատանքի մասին և խոսվում է այնպես, որ ես անկեղծ եմ ասում փոքրանում եմ խեղճանում, բայց ուժ, եռանդ  և նվիրում եմ հավաքում՝ շարունակելու աշխատանքը: Շատերը լալիս են տղաների կենսագրությունը կարդալիս, ես հիմա հպարտ եմ, որ  նրանցից յուրաքանչյուրը՝ անուն առ անուն  հայտնվել են  մատենաշարի հատորներում, նրանց կհիշեն պատմության մեջ: Ինչու ես արեցի այս աշխատանքը՝ հիմա ես պարզ ճակատով կարող եմ ասել. ես երազում եմ այն օրվա մասին, որ այս աշխատանքը կլինի աշակերտների, ուսանողների սեղանին և նրանք կդարձնեն դա դասագիրք՝  անուն առ անուն հիշելով բոլոր հերոսներին,կսովորեն  հայոց պատմություն, որպեսզի  հպարտ քայլելեն  հայոց հողի վրա»,-այս խոսքերով միջոցառումը եզրափակեց հեղինակը:


Մերի Գևորգյան 


Լուսանկարներ՝ Vahe Aghamyani ֆեյսբուքյան էջից։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`