15/03/2019

«Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է». Դավիթ Փախչանյան

Մարտի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց Դավիթ Փախչանյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Այդ պաշտոնում Դավիթ Փախչանյանը նշանակվել էր 2018 թվականի հունիսի 11-ին: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Դավիթ Փախչանյանը նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ։

Դավիթ Փախչանյանը «Այբ» եւ «Արար» հիմնադրամների հիմնադիրներից է:

- Թեթեւությո՞ւն եք զգում, պարոն Փախչանյան։

- Շատ։ Անչափ։

- Լուրը հայտնվելուն պես՝ ենթադրություններից բացի, նաեւ «դավադրության տեսություններ» են հրապարակվել՝ հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառների մասին։

- Ծառայությունից դուրս եմ եկել իմ դիմումի համաձայն, որը համաձայնեցված էր վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ:

Ես պաշտոնը ստանձնեցի 2016-ի մայիսին՝ Ապրիլյան պատերազմից հետո։ Բոլորս բանակին որեւէ կերպ օգտակար լինելու պարտքի զգացում ունեինք։ Երբ Սերժ Սարգսյանից առաջարկը ստացա, շատ դժվար էր մերժելը, բայց ես նաեւ հասկանում էի, որ պետական կառավարման համակարգում իմ երկար գտնվելն արդյունավետ չի կարող լինել։ Պատճառն այն է, որ նույնիսկ բիզնեսում իմ դերակատարությունն ես տեսնում եմ ոչ թե որպես մենեջեր, այլ որեւէ ստարտափ կամ նախաձեռնություն մտահղացող, հիմնադրող, բայց եւ այն փոխանցող։

Առաջարկին համաձայնելիս՝ ասացի, որ պաշտոնը կստանձնեմ երկու տարով, եւ իմ գլխավոր խնդիրը «սայլը տեղից պոկելն» ու ուղղություն տալն է լինելու։ Երբ դա հաջողեի, պետք է այն փոխանցեի այն մարդկանց, որոնք պետական կառավարման համակարգում պատրաստ են մնալ երկար տարիներ եւ կատարել  նմանատիպ աշխատանք։

Երբ եկա, ինձ ասացին՝ ապացուցիր, որ հնարավոր է։ Թերահավատությունը շատ մեծ էր, որովհետեւ կար կարծրատիպ՝ եթե հայկական է, ուրեմն լավը չէ։ Միջոցներ չկային, բայց պետք էր ապացուցել։ Ես գնացի ապացուցելու լուծումներ գտնելու ճանապարհով, եւ այն, ինչ արվեց, հիմնականում ոչ պետական միջոցներով էր։ Հետո, երբ առաջին ապացույցները ներկայացվեցին, 2017-ի աշնանը կառավարությունը որոշեց գիտահետազոտական աշխատանքների բյուջեն ավելացնել՝ մեր գումարը 1,5 միլիարդ դրամից դարձավ 2,4 միլիարդ՝ այն միտումով, որ ամեն տարի որոշակի ավելացում պետք է լինի։ Երկու տարին լրացավ 2018թ. մայիսին։ Քաղաքական իրադարձությունների արդյունքում, երբ զրուցեցինք նախարար Դավիթ Տոնոյանի հետ, որը տեղյակ էր իմ պայմանավորվածության մասին, որովհետեւ այն ժամանակ ՊՆ առաջին փոխնախարարն էր, հասկացանք, որ անցումային շրջանում իմ դուրս գալն այնքան էլ ճիշտ չէ։ Պայմանավորվեցինք, որ ես որոշ ժամանակ էլ կմնամ։

Այս ընթացքում վարչապետի հետ քննարկումների ժամանակ ծագեց այն գաղափարը, որ ռազմարդյունաբերության զարգացման համար ավելի նպատակահարմար է, որ ոլորտը պաշտպանության նախարարությունից դուրս գա։ Կառավարության վերջին նիստի ժամանակ սա հաստատվեց, եւ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում օրենսդրական փոփոխությունը տեղի կունենա։

Այսպիսով, պաշտպանության նախարարությունում իմ ստանձնած ուղղությունն ավարտվեց։ Գործն այս մասով արված է, փոխանցված է, չեմ կարող ասել, որ 100 տոկոսով, բայց շատ բան է արվել՝ գործը սկսել ենք, հավատ ներշնչել, որ Հայաստանում կարող ենք ստանալ այնպիսի ռազմական տեխնիկայի նմուշներ կամ համակարգեր, որոնք առաջնագծում կարող են իրավիճակ փոխել։

Որոշման պատճառների հիմքում կար նաեւ անձնական հարց։ Ընտանիքս՝ կինս եւ դուստրս 2.5 տարի է Մոսկվայում են բնակվում։ Այս ընթացքում, իհարկե, հանդիպել ենք, բայց կարող եք պատկերացնել այդ հանդիպումների քանակն ու տեւողությունը։

- Եվ ի՞նչ եք անելու արդեն հաջորդ շաբաթ, մեկնելո՞ւ եք Մոսկվա։

- Մոսկվա մեկնելու եմ։ Բայց ժամանակիս 40 տոկոսն անցկացնելու եմ Հայաստանում, որովհետեւ կան որոշ նախագծեր, որոնցով զբաղվում էի մինչեւ պաշտպանության նախարարություն գալը, եւ հիմա պլանավորում եմ մեծացնել դրանց ծավալները։

Դրանց մի մասը վերաբերում է պաշտպանության ոլորտին՝ անվտանգության նախագծերին, որոնք մենք իրականացնում էինք «Արար» հիմնադրամի շրջանակներում։ Այն պաշտպանության նախարարությանն աջակցում էր մինչեւ իմ՝ նախարարությունում հայտնվելը, որտեղ գալուն պես սառեցրեցի իմ  մասնակցությունը եւ դուրս եկա հոգաբարձությունից, հիմա կվերականգնեմ։ Այնտեղ ունենք խոշոր ծրագրեր:

Նաեւ հասարակական եւ բիզնես այլ նախագծեր կան: Բիզնես նախագծերը լինելու են քաղաքացիական ոլորտում, ոչ թե պաշտպանական։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`