01/03/2019

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ընդունել են առաջիկայում հանդիպելու առաջարկը. ԵԱՀԿ ՄԽ

News.am կայքը գրում է.
Փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը Երեւանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ փետրվարի 21-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ առաջիկայում երկու ղեկավարների հանդիպման  նախապատրաստական հարցերը, ինչպես նաեւ քննարկման հնարավոր թեմաները քննարկելու համար:
Համանախագահները նաեւ քննարկումներ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանց է  միացել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Տարածաշրջանում հանդիպումների ժամանակ երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են այս տարվա հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում իրենց զրույցի մասին: Ղեկավարները եւ համանախագահները քննարկել են իրավիճակը  տեղում եւ հետագա քայլերի վերաբերյալ իրենց ակնկալիքները:
Համանախագահները դրական են գնահատել շփման գծում առանց զոհերի շարունակվող իրավիճակը: Նրանք նաեւ ողջունել են տարածաշրջանում ծավալվող բանավեճերը խաղաղությանը բնակչության նախապատրաստման մասին:
Առաջնորդներն ընդունել են Մինսկի խմբի համանախագահների առաջարկը՝ նրանց հովանու ներքո առաջիկայում հանդիպելու մասին:
Տարածաշրջանային այցից հետո համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին տեղեկացնելու իրավիճակի մասին:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`