05/02/2019

Su-30 կործանիչները մեծ ձեռքբերում են Հայաստանի համար. ՀՀ ՊՆ խոսնակ

 Azatutyun.am կայքը գրում է.
Հայաստանը Ռուսաստանից Su-30 (Су-30, Սու-30) մակնիշի 4 կործանիչ է գնել, «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար։
Հովհաննիսյանն ընդգծեց՝ չորս կործանիչները ձեռք են բերվել պայմանագրի նախնական փուլում, իսկ սա, ըստ ՊՆ խոսնակի, «Հայաստանի վերջնական ցանկությունը չէ»։
«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, «Կոմերսանտ»-ը տեղեկացրեց, որ Ռուսաստանը Հայաստանին է վաճառել չորս հատ Su-30 կործանիչներ՝ Ռուսաստանի ներքին գներով։ Պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։ Արդյո՞ք դա այդպես է, և կործանիչները ե՞րբ Հայաստանում կլինեն։
Հովհաննիսյան. - Այո՛, այսպես ասենք, պայմանագրի նախնական փուլում կլինի չորս մեքենա այս տարվա ընթացքում, երբ որ հստակ կունենանք, այդ ժամանակ կտեսնեք, բայց հասկանում եք, որ ինքնաթիռների ձեռքբերումը պատրաստի ապրանք չէ, որ գնաս, գնես, բերես։
«Ազատություն». - Պարոն Հովհաննիսյան, իսկապե՞ս ներքին գներով է վաճառվել, ինչպես որ թերթն էր տեղեկացնում, և որքա՞ն է կազմում վարկը, որի շրջանակներում ձեռք են բերվել կործանիչները։
Հովհաննիսյան. - Ներքին գները ևս որևէ հայտնություն չէին ներկայացնում իրենցից, որովհետև «Կոմերսանտ»-ի ներկայացրած և ինչ-որ առումով նաև ենթատեքստերն այնքան էլ ընդունելի ու հասկանալի չեն մեզ համար, որովհետև բանը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ուղիղ Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ շրջանակներում ունի համապատասխան պայմանագրաիրավական բազա, որով մենք վաղուց շատուշատ զինատեսակներ ձեռք էինք բերում ուղիղ արտադրողներից՝ ներքին գներով։
«Ազատություն». - Դա ՀԱՊԿ շրջանակներում, իսկ վարկային այդ միջոցի՞ մասին, որ խոսվում է, մոտավորապես 100 միլիոն դոլարի՞ մասին է խոսքը գնում։
Հովհաննիսյան. - Բերեք այստեղ ես գաղտնիքներ չբացեմ, որովհետև դրանք արդեն դասակարգված տեղեկատվություն են։
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ այս կործանիչների ձեռքբերումով բալանսը, որի մասին հաճախ խոսվում էր, որ ուժերի միջև ռազմական բալանսը խախտված է, այժմ Հայաստանը ոչ միայն հավասարվել է, այլև գերազանցել է իր հնարավորություններով։
Հովհաննիսյան. - Գիտեք, ես չեմ ուզում, որ մենք շատ ֆիքսվենք նրբությունների վրա, որովհետև, երբ որ ես հիմա փորձեմ ու կարող եմ ինձ թույլ տալ մասնագիտական վերլուծություն կատարել, թե, օրինակ, Su-30-ն ինչ հնարավորություններ ունի, ինչպես կարող է կռվել, ինչեր կարող է անել, բնականաբար, կհայտնվի մեկը, որ կասի՝ «չորս հատը քիչ է», կհայտնվի մյուսն ու կասի՝ «չէ, գիտես ինչ կա, այնքան էլ այդպես չէ, էն մյուսն ավելի լավն է, քան էս մյուսը»։ Բայց որ նման բազմաֆունկցիոնալ ծանր, հզոր կործանիչը կարող է բալանս փոխել իր տեսակով՝ անկախ իր քանակից, և չորսը մեր վերջնական ցանկությունները չեն, դա ակնհայտ է։ Այսինքն՝ դա քննարկումից դուրս է, անգամ ամենաչարախոսը չի կարող այս երևույթը հաշվի չառնել։
«Ազատություն». - Ամեն դեպքում բավարա՞ր է բանակի առջև դրված խնդիրները լուծելու համար։
Հովհաննիսյան. - Ամեն դեպքում չորս հատը կարող է իրեն թույլ տալ իրավիճակ փոխել։
«Ազատություն»․ - Ադրբեջանն ունի՞ այսօրինակ կործանիչներ:
Հովհաննիսյան. - Ոչ միայն Ադրբեջանը չունի: Նման կործանիչներ տարածաշրջանում ոչ մի պետություն, բացի Պարսկաստանից, որը էդ որակի չի, էդ տեսակի չի․․․ դասակարգման տեսանկյունից ծանր կործանիչ է կոչվում ինքը: Երկշարժիչանի ծանր կործանիչ ունի միայն Պարսկաստանը, հին ամերիկյանի կործանիչներ են:
«Ազատություն»․ - Նոր իշխանությունների կողմից հատկապես այս կործանիչների ձեռք բերում ինչո՞վ էր պայմանավորված:
Հովհաննիսյան․ - Ես չեմ կարող խաղաքարտեր բացել հիմա ձեր առջև: Ես ինքս, որպես մասնագետ էդ ամեն ինչի համոզմունքը ունենալով, որ սա շատ ճիշտ որոշում է և այլն, բայց իմ զինանոցը ձեր առջև չեմ կարող բացել, թե ինչու, օրինակ, ՍՈւ-30, ոչ թե, օրինակ, ՄԻԳ-31: Էս հարցերը եթերային քննարկման հարցեր չեն:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`