01/02/2019

Վանեցյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» է. չի բացառվում բուժում ստացած զինվորների աշխատանքը ԱԱԾ–ում

News.am կայքը գրում է.
Ողջունելի, որ ՀՀ–ում «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» պես հաստատություն կա, եւ ամենակարեւորը կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, կենտրոն կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Տեղեկացված էինք, որ նման կենտրոն կա, տեղեկացված էինք, որ բուժվում են մեր զինվորները, վիրավորված զինվորականները, բայց տեսնել այս ամենը քո աչքերով եւ հասկանալ, թե ինչ է իրականում այստեղ արվում, իրոք շատ տպավորիչ էր, եւ ողջունելի է, որ ՀՀ–ում նմանօրինակ հաստատություն կա եւ ամենակարեւորը կան այն նվիրյալները, որոնք օր ու գիշեր կատարում են այս աշխատանքը»,–նշեց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ–ի կողմից հետբերված միջոցներն ուղղվեն այս հաստատությանը, նա նշեց, որ հետբերված ամբողջ գումարն փոխանցվում է ՀՀ բյուջե եւ համապատասխան գերատեսչությունները որոշում կկայացնեն եւ կտրամադրեն այս կամ այն հաստատությանը, եթե կարիքը լինի, կարծում եմ, նաեւ կուղղվի այս հաստատության վերազինմանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր է կենտրոնում բուժում անցած զինվորականները աշխատանքի անցնեն ԱԱԾ–ում կամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, որին ի պատասխան Վանեցյանն ասաց. «Նոր, որ շրջում էինք պարոն Մուրադյանի հետ (ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան-խմբ.), խոսեցինք այդ հարցի շուրջ։ Մենք մեծ սիրով ԱԱԾ–ում եւ ՀՖՖ–ում  աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին»։
ԱԱԾ տնօրենը հայտնեց՝  հնարավոր է իրենց պահանջներն ներկայացնեն, թե ինչ հմտություններ են պետք ԱԱԾ–ում կամ ՀՖՖ–ում աշխատելու համար, կնախապատրաստեն, ուսումնական պրոցեսը կանցնեն եւ կգան աշխատելու։ «Կարծում եմ՝ այդ համագործակցությունը կստացվի եւ այն զինվորները եւ սպաները, որոնք վիրավորվել են ծառայության ընթացքում, ամեն դեպքում ոգով սպաներ ու զինվորներ են։ Եվ եթե առողջական խնդիրներից ելնելով Պաշտպանության նախարարությունում չեն կարող աշխատել, սակայն ԱԱԾ–ում աշխատանքը իրենց համար ավելի շատ հետաքրքիր եւ ոգեւորող կլինի»,–ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ պրոցեսը կպահի վերահսկողության տակ։
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ԵՊԲՀ ռեկտորի, Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ շրջեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, ծանոթացավ կենտրոնի գոծունեությանը, շփվեց և ճաշեց բուժում ստացող զինվորների և սպաների հետ:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`