08/02/2019

Շոյգուն Հայաստանին շնորհակալկություն է հայտնել Սիրիայում հումանիտար օգնության համար

News.am  կայքը գրում է.
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար օգնության ցուցաբերմանը մասնակցության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիային հումանիտար օգնության ցուցաբերման համար: Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին»,- ասել է Շոյգուն: Նա նշել է, որ դա առանձնապես կարեւոր էր սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց նորմալ խաղաղ կյանքով չէին ապրել եւ 5-7 տարի դպրոց չէին հաճախել:
«Սա, իհարկե, զգալի ավանդ էր Սիրիայում բնականոն կյանք հաստատելու գործում»,- շեշտել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Տոնոյանն, իր հերթին, ռուսական կողմին շնորհակալություն է հայտնել Սիրիայում համագործակցության համար: «Շնորհակալություն եմ հայտնում ՌԴ ցույց տված օգնության համար, հատկապես պաշտպանության նախարարության եւ անձամբ ձեր կողմից Սիրիայում մեր հումանիտար օգնության կազմակերպման գործում: Սա մեծ ավանդ է»,- ասել է Տոնոյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով՝ Սիրիայում ՌԴ գործունեությունն իրականացվում է հանուն հակամարտությունից հետո երկրի վերականգնման: «Եվ ես կարծում եմ, որ մեր մասնակցությունը այդ հումանիտար գործողությանը անչափ կարեւոր է: Կարեւոր է օգնությունը սիրիացի ժողովրդին, որի մի մասն է հայկական սփյուռքը»,- հավելել է Տոնոյանը:
Մինչեւ պատերազմը Սիրիայում հայ համայնքը համարվում էր աշխարհում խոշորագույններից մեկը: Մեծ մասը (110 հազար մարդ) բնակվում էր Հալեպում եւ նշանակալից դեր խաղում երկրի տնտեսական մայրաքաղաքի կյանքում: Հակամարտության մեկնարկից հետո Հայաստանը ապաստանել է Սիրիայից 22 հազար փախստականների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 83 հայ մասնագետներից կազմված խումբը փետրվարի 8-ին ժամանել է Հալեպ: Նրանք ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող Սիրիայի բնակչությանը հումանիտար եւ բժշկական օգնություն կտրամադրեն, ինչպես նաեւ տարածքների ականազերծման աշխատանքներ կիրականացնեն: Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերել դրանք Սիրիա մատակարարելու հարցում: 


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`