12/02/2019

Կիպրոսի ՊՆ նախարարի այցը Հայաստան. 13 համագործակցության ոլորտներին այսօր գումարվել է նաև 2-ը

Այսօր  Պաշտպանության նախարարությունում  կայացավ  ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և Կիպրոսի հանրապետության ՊՆ նախարար Սավաս Անգելիդիսի  մամուլի համատեղ ասուլիսը:
Տոնոյանը ողջունեց Կիպրոսի՝ իր պաշտոնակցին և իր գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ  իր վերանշանակվելուց հետո սա  պաշտպանության նախարարի առաջին այցն է:
«Հայ-կիպրական երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է 2 երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամության, փոխադարձ օգնության պատրաստակամության և ընդհանուր մոտեցումների վրա: Ուստի ունի լուրջ հեռանկարներ»,-ասում է Դավիթ Տոնոյանն ու ավելացնում, որ  համագործակցությունն հիմնված է ամուր իրավական հիմքերի վրա և իրականացվում է ամենամյա ծրագրերի ձևաչափով:
Հանդիպման ժամանակ խոսվել է համագործակցության ներկա վիճակի ու ընդլայնման հնարավորությունների մասին:
Նշենք նաև, որ մինչ այս գործող 13 համագործակցության ոլորտներին այսօր գումարվել է նաև 2-ը:
Առաջինը՝ ռազմական հետախուզության տվյալների, ռազմական տեղեկատվության փոխանակման ոլորտում՝ կապված Մերձավոր  Արևելքում բավականին լուրջ իրադարձություններին:
Հաջորդը, որը ևս նոր է  մեր համագործակցության մեջ, ժամկետային պարտադիր ծառայության կազմակերպումն է:
«Կիպրոսը Եվրամիության այն  քիչ երկրներից է, որը պահպանում է ժամկետային պարտադիր ծառայությունը»,-նշում է Տոնոյանը և ավելացնում, որ ի ուրախություն մեզ,  ստեղծվել է փորձի փոխանակման հնարավորություն, քանի որ նրանք ևս մեզ հետ միասին կիսում են պարտադիր  զինվորական ծառայության կազմակերպման բոլոր դժվարությունները:
Տոնոյանը նշեց նաև, որ համագործակցելու  են համատեղ վարժանքների, ռազմաարդյունաբերության, ռազմատեխնիկական և շատ այլ ոլորտներում:
«Մեր 2 երկրները կիսում են միևնույն հետաքրքրությունները տարածաշրջանային հարցերում, մենք հակված ենք տարածաշրջանային    խաղաղության և միջազգային օրենքների պահպանմանը,-նշեց Կիպրոսի  հանրապետության ՊՆնախարար Սավաս Անգելիդիսը»,-ասելով, որ շատ ուրախ է նման համագործակցության համար,քանի որ սա կարևոր  է 2 երկրների համար:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`