22/02/2019

Ինչ է անհրաժեշտ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար. Փաշինյանը թվարկեց պայմանները

News.am կայքը գրում է.
Ըստ էության` ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետեւյալը. անհրաժեշտ է ունենալ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների եւ պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, եւ առաջիկայում այս հարցը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում: Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաեւ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարեւոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել: Այստեղ շատ կարեւոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը եւ նաեւ Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար, որովհետեւ շատ կարեւոր է, որ նույնիսկ այն միջոցները` դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարեւոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաեւ պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության եւ տեխնիկայի կարիք ունենք, եւ դրանց որ մասի մշակումը, արտադրությունը եւ արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:
Ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր մենք որոշակի կարողություններ ունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց այդ կարողությունների ծավալը, թողունակությունը եւ իրական արտադրանքի ծավալը չի կարող գոհացուցիչ եւ բավարար թվալ: Ընդհանրապես, կարծում եմ, որ նաեւ այս ոլորտում, մյուս ոլորտներում նույնպես խնդիրները քննարկելիս մենք պետք է քննարկենք ոչ թե բարդությունները, թե ինչքան բարդ է այս կամ այն խնդիրը լուծելը, այլ պետք է ձեւակերպենք մեր նպատակները, եւ մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ նպատակներին հասնելու առաջնահերթությունից: Այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր կա մեր տարածաշրջանում, մեզ թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել, որովհետեւ «յոլա գնալու» տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այս ռեսուրսները, որոնք ունենք:
Մենք պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին եւ այստեղ պետք է անողոք լինենք առաջին հերթին ինքներս մեր նկատմամբ: Մենք պետք է, այո՛, գնանք շատ լուրջ, թեկուզ ոչ պոպուլյար, կամային լուծումների, որպեսզի համոզվենք, որ մեր պետական համակարգում ընդհանրապես պետական ֆինանսավորում ստացող որեւէ օղակ չկա, որը պարապ նստած է: Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարեւոր խնդիրն է` անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել եւս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին: Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետեւյալը` կարեւորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետեւաբար, տանկը չէ կարեւորը, այլ խնդիրը եւ դրա լուծումը: Մեր մտածելակերպը պետք է լինի` գտնել մի միջոց, որը կլուծի այդ խնդիրը` անկախ նրանից` դրա անունը տանկ է, թե որեւէ ուրիշ բան:
Հետեւաբար, մեր տրամաբանությունը ռազմարդյունաբերության, գիտության, տեխնոլոգիայի ոլորտներում այսպես պետք է աշխատի. մենք պետք է հասկանանք մեր խնդիրները, մեր լուծումները եւ դուրս գանք այդ լուծումների, գործիքների վերաբերյալ եղած ավանդական պատկերացումներից, որպեսզի կարողանանք տեխնոլոգիական որոշակի առաջընթաց եւ փոփոխություն առաջնորդել: Որպես ամենավառ օրինակ` նամակի խնդիրը սովորաբար եղել է տեղեկատվությունը Ա կետից Բ կետը հասցնելը, բայց եթե մարդիկ ծրարի, թղթի եւ գրիչի տրամաբանությանը կպած մնային, մինչեւ հիմա էլեկտրոնային փոստը չէին ստեղծի: Մեր խնդիրն ահա այդպիսի փոփոխություն անելն է»:
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2 տարին մեկ անգամ կազմակերպվող ռազմական տեխնիկայի եւ սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով: Նրա խոսքով՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել, եւ Հայաստանի ցուցադրությունը գտնվել է ուշադրության կենտրոնում, ինչը պայմանավորված էր թե՛ հայկական կողմից ներկայացված ռազմական արտադրանքով, թե՛ ցուցահանդեսի բացման արարողությանը ՀՀ ՊՆ Պատվո պահակախմբի վաշտի, պաշտպանության ռազմական նվագախմբի եւ «Երեւանյան թմբուկներ» խմբի ցուցադրական ելույթներով: Ա. Քերոբյանը տեղեկացրել է, որ Միջին Արեւելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման եւ ՀՀ գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար: 
Այնուհետեւ նիստի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ուղղված ծրագրերը եւ անելիքները:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`