10/02/2019

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ անորոշությունը ցավալի է կազմակերպության համար. ՌԴ ԱԳ փոխնախարար

News.am կայքը գրում է.
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ անորոշությունը ցավալի է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության եւ մարտունակության վրա, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձել է թափուր, երբ 2018 թվականին քրեական հետապնդման պատճառով Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր աշխատանքից: ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը: Հայաստանը պնդում է, որ ղեկավար պաշտոնը պետք է զբաղեցնի Երեւանի ներկայացուցիչը մինչեւ 2020 թվականը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշվել էր, որ այժմ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ եւ ստորագրել ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման նախագիծը նրան կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Ավելի վաղ Զասն իր նշանակումը համաձայնեցնելու համար արդեն այցելել էր Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Ընդ որում՝ Երեւանում հաղորդել են, որ Զասի այցը Հայաստան չի ծրագրվում: Զասն ինքը նշել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ այցելել Հայաստան, հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի եւ պաշտպանության նախարարի հետ: Նա նշանակման վերաբերյալ կոնսենսուսի հույս է հայտնել:
«Կազմակերպության համար, ըստ ամենայնի, ցավալի է, որ մեզ չի հաջողվում արագորեն ղեկավար նշանակել»,- ասել է Պանկինը: Ըստ նրա՝ «իրավիճակը հանգուցալուծման կարիք ունի հնարավորինս սեղմ ժամկետներում»:
«Կանոնադրությունը ենթադրում է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է հունվարի 1-ին երեք տարի ժամկետով: Տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Մենք այս իրավիճակից որոշակի հեռու գնացող եզրակացություններ չէինք կատարի…այն, որ ՀԱՊԿ-ի անդամներից մեկն ունի տարաձայնություններ կազմակերպության մյուս անդամների հետ եւ չկա փոխհամաձայնություն»,-նշել է դիվանագետը:
«Դա վերաբերում է մեկ սցենարի, սակայն չի ազդում կազմակերպության աշխատունակության, ընդհանուր արդյունավետության եւ մարտունակության վրա: Խոսակցությունները, որ ընթացիկ իրավիճակը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, ավելորդ են»,-հավելել է Պանկինը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՀԱՊԿ-ը խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության շատ կարեւոր գործիք է, «այդ պատճառով կազմակերպությունը պետք է հստակ գործառնություն ցուցաբերի»:
ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանտ, Ռուսաստանն ու Տաջիկստանը:


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`