28/01/2019

Ծնունդդ շնորհավոր կապիտա՜ն


«Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»
Ա. Ուրֆանյան

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երևանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով և  ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետևակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում: 
Այսօր նա կդառնար  29 տարեկան:

 2016թ-ի  Ապրիլյան պատերազմի ժամանակ  Արմենակ Ուրֆանյանն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձև պաշտպանության դիրք գրավել և ընդունել է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ մարտական դիրքը հանձնելը կնշանակեր  մյուս մարտական դիրքերի շրջափակում ևս: Ուրֆանյանի գլխավորությամբ  7 մարտիկները կարողացել են կասեցնել թշնամու ներթափանցման փորձը՝խփելով 1 տանկ:  Հաջորդ  փորձի ժամանակ  թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը կրկին նահանջել է: Սակայն 3-րդ փորձը ճակատագրական էր,թշնամու մեծաքանակ զորքը հարձակվում է 7 հոգանոց խմբի վրա և սկսում հրետակոծությունը:
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաև ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:

Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի զոհվելուց հետո դիրքն անձնազոհաբար պաշտպանել է Աբաջյանը՝ իր հետ միասին պայթեցնելով հակառակորդի մի քանի զինվորների:

2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը Սերժ Սարգսյանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Մերի Գևորգյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`