04/01/2019

Այսօր Պարույր Մելքոնյանի տարեդարձն է


Գյումրի 04.01.2019թվ.Banak.info
Այսօր՝ հունվարի 4-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Պարույր Մելքոնյանը կդառնար 28 տարեկան։ 
Պարույրը ծնունդով Երևան քաղաքից էր, սովորել և ավարտել էր Ն.Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Երևանի Գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժինը:
Ինչպես պատմում է Պարույրի մայրը՝ տիկին Արմինեն, որդին շատ ճարպիկ ու շարժուն էր, ազատ ժամանակ գրեթե չէր ունենում ,միշտ ինչ-որ բանով զբաղվում էր, սպորտով, քանդակագործությամբ, իսկ մնացած ժամանակը անցկացնում էր ընկերների հետ։
2009թ. հունիսի 25-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Մարտակերտի շրջանի N զորամասում։
2010թվ. հունիսի 18-ին թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատվածում գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկի վրա: 
Երկու տասնյակից կազմված ջոկատայինների առաջխաղացումը կասեցնելիս զոհվել են ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Մնացական Ռոբերտի Գասպարյանը և շարքայիններ  Պարույր Արարատի Մելքոնյանը, Արայիկ Սևակի Բարսեղյանը, Էդուարդ Սուրենի Մանուկյանը և վիրավորվել են չորս զինծառայողներ:
Պարույր Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն», «Զինվոր հայրենյաց» մեդալներով:
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`