29/01/2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանի տարեդարձն է

Գյումրի 29.01.2019թվ.Banak.info
321-րդ տանկի նշանառու-օպերատոր Վլադիմիրն այսօր՝ հունվարի 29-ին, կդառնար 23 տարեկան։
Վլադիմիրը ծնունդով Դիլիջան քաղաքից էր։ Սովորել էր Դիլիջանի թիվ 1 դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Դիլիջանի Պետական քոլեջ, տնտեսագիտության բաժինը։
2014թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության, 6-ամսյա ուսումնական փուլով ծառայել ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում, որից հետ ծառայությունը շարունակել էր Արցախի Ֆիզուլիի N զորամասում։
Վլադիմիրը մարտական բարձր պատրաստվածության ու լավ գիտելիքներ ունենալու համար 2015թվ. ճանաչվել էր զորամասի լավագույն նշանառու-օպերատորը և պարգևատրվել։

2016թվ. ապրիլին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործողություններ, հայկական կողմը համարժեք պատասխանել է հակառակորդի սադրանքներին։
Առաջին հարձակման ընթացքում թշնամուն հաջողվել էր գրավել Մեխակավանի (Ջեբրայիլ) ուղղությամբ տեղակայված մի քանի դիրքեր։ Ֆիզուլիից Մեխակավան օգնության հասած անձնակազմի մեջ էր նաև 321-րդ տանկի անձնակազմը։
Անձնակազմի անդամներ հրամանատար` Բենիամին (Մոնթե) Եղոյան, մեխանիկ-վարորդ` Տիգրան Աբգարյանը, նշամառու-օպերատոր` Վլադիմիր Ալիխանյանը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ խոցել են հակառակորդի 3 տանկ և 1 հետևակ մարտական մեքենա։ Անձնակազմը մարտի ընթացքում տապալել է հակառակորդի դրոշն ու ծածանել եռագույնը։ Նրանց տանկը խոցվել է մարտական առաջադրանք կատարելու ընթացքում։
Վլադիմիրը որոշել էր, ծառայության ավարտից հետո մնալ զորքերում` որպես տանկիստ։
Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի կողմից` «Արիության համար» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան 



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`