12/12/2018

«Ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ». Գոռ Բաբայան

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողներին նվիրված հարցազրույցների մեր հաջորդ զրուցակիցը Գոռ Բաբայանի մայրիկն է՝ Գայանե Բաբայանը։ 
Գոռ Բաբայանը ծնվել է 1986թվ. Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Զբաղվել է սպորտով, արժանացել բազում մրցանակների։ Սովորել է ուսումնարանում, ստացել վարորդի և ավտոփականագործի որակավում։2005թվ. Գոռն անցել է պարտադիր զինվորական ծառայության Էջմիածնի զորամասում, 6 ամիս անց տեղափոխվել Արցախի Ասկերանի N զորամաս։

- Ինչպիսի՞ մանկություն է ունեցել: 
- Գոռս շատ լավ մանկություն է ունեցել, աշխույժ, չարաճճի, բարի տղա է եղել: Շատ են իրեն սիրել: Իրեն ու եղբորը նոր կոշիկներ էինք առել, վերցրեց նստեց առվի մեջ, եղբոր կոշիկները գցեց ջուրը ու ասեց, թե տես, իմ կոշիկները նոր են, քոնը չէ: Իրան որ շոր էինք առնում, մենակ չէր հագնում: Մի անգամ նոր շորեր էինք առել, հորեղբոր տղու հետ փոխել էր, նկարվել էին էդ շորերով: 

- Դպրոցական տարիքում ինչպիսի՞ն է եղել: 
- Էլի աշխույժ էր, շատ համարձակ, որ իրանց դասարանի աղջիկներից մեկին նեղացնեին, էդ նեղացնողին կծեծեր, կապ չունի ինչ էր եղել: Աբովյանի թիվ 4 դպրոցում ռազմագիտության դասասենյակը Գոռիս անունով է կոչվել: Շատ էին սիրում իրեն, որ դասարանում ասեր, որ դասերից հետո հավաքվելու են ուրախանան, բոլորը համաձայնվում էին: Աղջիկների ծնողներից որ չէին թողնում գնան հավաքույթին, Գոռս գնում անձամբ խոսում էր, թողնում էին: Ու վերջում ինքը բոլորին տանում էր տուն, որ խոսքի տերը լիներ:

- Ինչո՞վ էր սիրում զբաղվել ազատ ժամանակ:
- Իրավաբանական էր ուզում ընդունվել: Շատ էր սիրում ու վստահ էր, որ կընդունվի: Գոռս շատ ազատ ժամանակ չէր ունենում, բայց որ ունենում էր սիրում էր ընկերների հետ քեֆ անել, պարել ու ուրախանալ: Բոքսի, քինգ բոքսի ու կարատեի է գնացել: Գոռիս պատվին իր մարզիչները հուշամրցաշար են կազմակերպել, շատ էին սիրում Գոռիս:

- Մի հետաքրքիր դեպք կպատմե՞ք նրա հետ կապված։ 
- Դպրոցական տարիներն էին: Առավոտ ուղարկեցի դպրոց ու անցա իմ գրրծերին: Մեկ էլ զանգ եկավ, դպրոցից էր, ասեցին Գոռը չի եկել դասի, զարմացա, ասեցի, որ ուղարկել եմ: Գնացի դպրոց, ընկերների հետ էր եղել: Հասա դպրոց, գնացի տեսա դասարանում նստած է: Ընկերուհի ուներ, շատ էր նրան սիրում, որ նեղացնում էին, էդ օրը վատ էր ավարտվում իրանց համար: 

- Ուզու՞մ էր ծառայել։ 
- Հա, շատ էր սիրում ծառայությունը: Իր գնալու ժամանակ զինկոմիսարյատում էի աշխատում, իր ընկերներին տանում էին բանակ, եկավ ասեց. «մամ կլինի՞ մտնես, խոսաս ինձ էլ հետները ուղարկեն, ընկերներս գնում են, ես մնամ ի՞նչ անեմ»: Ուզում էր 6 ամիս շուտ գնար բանակ: Որ գնում էր բանակ, ավտոբուսի մոտ ընկերոջն ասեց, ով բարձրացավ ավտոբուս ու լացեց, 2 տարի հետո գառ պիտի պատիվ անի: Եկավ ինձ գրկեց, ասեց մամ ջան լացել չլինի, գալու եմ: Ընկերը մորը գրկեց ու լացեց, Գոռս բարձր ասեց «Արտակ, դու պարտվեցիր»: Ու գնացին: Էս տարի դեկտեմբերի 9-ին Գոռիս մահվան տարելիցն է: Ավետիսյան Արտակը, իր ընկերն է, իրար հետ էին գնացել ծառայության, իր կողմից հուշարձան է կանգնեցրել Գոռիս պատվին:

- Բանակային կյանքից երբևէ չի՞ դժգոհել: 
- Չէ, երբեք: Շատ ճարպիկ է եղել, երբեք մեզ չի ասել իր խնդիրների մասին: Բանակում էլ է չարաճճի եղել, տեղում նստող չէր: Ամեն հարց ինքն էր լուծում։ Մինչև հիմա իր հրամանատարի սենյակում Գոռիս նկարը կախված է: Որ մեր մոտից էնտեղ զինվոր է գնում, Գոռիս պատվին 5-7 օրով թողնում են գալիս է տուն: 

- Գոռի եղբոր որդին կրում է հորեղբոր անունը, նմա՞ն են իրար։ 
- Շատ նման են իրար: Ինքը հորեղբորը նման է ամեն ինչով: Գոռս երբեք մենակ հաց չի կերել, Գոռիկս էլ է այդպես: Հորեղբոր բոլոր հատկանիշներով օժտված է, ընկերասեր, չարաճճի ու շատ բարի է: 

Հիշենք, որ 2005թվ. դեկտեմբերի 9-ին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում Գոռը մահացու հրազենային վիրավորում է ստացել։ Գոռ Վանիկի Բաբայանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն», «Մայրական երախտագիտության» և այլ բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Արև Ավետիսյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`