28/12/2018

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարն առաջարկում է սպասել Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների վատթարացմանը եւ պատերազմ սկսել

News.am կայքը գրում է.

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը եւ դիմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին:

Նախկին նախարարը Minval.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ադրբեջանցի հանրության  շրջանում պատրանքներ չկան, թե բանակցությունները որքանով հեռանկարային կլինեն: Կողմերի դիրքորոշումները հստակ են, եւ այդ դիրքորոշումների շրջանակում ոչ ոք միջին դիրքորոշման կամ փոխզիջումային լուծման մշակման հնարավորություն չի տեսնում:

«Որոշ տարբերություն կա Ադրբեջանի նախագահի եւ երկրի ԱԳ նախարարի բարձրաձայնածի միջեւ: Նախագահն իր հայտարարության մեջ շեշտը դնում է այն բանի վրա, որ Հայաստանում փոփոխություններ են տեղի ունեցել, եւ հայ հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրելով՝ ընտրություն է կատարել զարգացման արեւմտամետ ուղղությամբ: Իմ կարծիքով՝ սա հայերի ռացիոնալ դիրքորոշումն է՝ այն ենթատեքստում, որ ռուսական կողմը Հայաստանին ամեն ինչ տվել է, աջակցել է Ադրբեջանի օկուպացված տարածքների նկատմամբ բռնակցման քաղաքականությանը: Սակայն ռուսական գործընկերը Հայաստանին չի կարող զարգացում տալ: Քանի որ չկան անհրաժեշտ ներդրումներ, օգնություն եւ այլն: Ուստի հայ հասարակության Արեւմուտքի օգտին ռացիոնալ ընտրությունը հիմնավորված է: Կարծում եմ, որ սա վաղ թե ուշ կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելուն»,- կարծում է նախկին նախարարը: Նրա խոսքով՝ երբ համապատասխան պայմաններ ձեւավորվեն, հավանաբար, այդ ժամանակ էլ «կկատարվեն մեր վճռական քայլերը»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`