25/11/2018

Ծնունդդ շնորհավոր Ավո՜




«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ... Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա...»  Մոնթե Մելքոնյան

Այսօր  ազատամարտիկ, գրող, գիտնական, ՀՀ և ԼՂՀ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրն է:
Նրա  անցած  մարտական ուղին եղել է բավական դժվար, ու չնայած դրան, նա պատմության մեջ կերտել է յուրօրինակ հերոսի  կերպար:
1991-ին Մոնթեն  ժամանում է  Հայաստան` իր նպաստը բերելու հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը:   Եվ այդ նույն  թվականին առաջին անգամ նա  հայտնվեց  Արցախում եւ սեպտեմբերի 14-18-ը մասնակցեց Էրքեջի, Բուզլուխի եւ Մանաշիդի ազատագրական մարտերին:
Դրանից որոշ ծամանակ անց Ավոն արդեն Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատարն էր, նրան շատ ժամանակ  չէր  պահանջվել սիրելի դառնալ բոլորի համար, ու դա նրա  պարզ ու անկեղծ բնավորության շնորհիվ:

Մոնթեն մեծ ներդրում է ունեցել Մարտակերտի ազատագրման եւ Քարվաճառի կրակակետերի ոչնչացման գործողությունների կազմակերպման ու իրականացման գործում:

Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինը եղավ Ավոյի համար, բայց չնայած դրան նա  իր մարտական ընկերներին, Արցախի ժողովրդին թողեց բազմաթիվ  սխրանքներ, բարի անուն, որը իր ուրույն դերն ու նշանակությունն է գտել Արցախի ազգային ազատագրական պայքարի տարեգրության մեջ:

Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի եւ Արցախի հերոսի կոչումների, պարգեւատրվելով "Հայրենիք" եւ "Ոսկե Արծիվ", ինչպես նաեւ ԼՂՀ "Մարտական խաչ" առաջին աստիճանի շքանշաններով: Սակայն ամենավսեմ պարգևը Ավոյի համար ազատագրված Արցախն է, պատմական հայրենիքի մի բեկորի փրկությունը, իբրև  սկիզբ Հայոց միասնական Հայրենիքի լիովին ազատագրման:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`