30/10/2018

Բակո Սահակյանն հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր: 

Արցախի Հանրապետության Նախագահը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին կարեւորելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը եւ Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին: 

Բակո Սահակյանը կարեւորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը`այն համարելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման առանցքային բաղադրամասերից մեկը:

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`