10/10/2018

Այսօր մայոր Սուրեն Մելքումյանի տարեդարձն է


Գյումրի 10.10.2018թվ. Banak.info
Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Սուրեն Մելքումյանը այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կդառնար 39 տարեկան։
Սուրեն Մելքումյանը ծնվել է  Արցախի Հադրութի շրջանի  Տումի գյուղում:
Սովորել է գյուղի  միջնակարգ դպրոցում, ավարտել 1997թվ.-ին:Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ:
Սուրենի մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է ունեցել հոր՝ Արցախյան ազատամարտին մասնակցելու հանգամանքը, ով պատերազմի տարիներին ծանր վիրավորվել էր, երկար տարիներ բուժվել և այդ ամբողջ ընթացքում տան հոգսերը եղել էր Սուրենի ուսերին։
2001թվ.-ից սկսած ծառայության է անցել Արցախում՝ լեյտենանտի զինվորական կոչումով։Զբաղեցրել է կապի դասակի հրամանատարի, վաշտի հրամանատարի, ՎՔՆ ծառայության պետի պաշտոններ: Մելքումյանը ծառայել է Արցախի տարբեր շրջաններում,  իսկ 2015թվ.-ից ծառայում էր Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում։
2016թվ. ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին հարվածներից մեկը Մեխակավանի բարձունքներից մեկի ուղղությամբ էր:
Ապրիլի 1-ի՝  լույս 2-ի գիշերը,  հինգ սպաներից բաղկացած օպերատիվ խումբը օգնության է հասնում խրամատում առաջին հարվածը ընդունած զինվորներին:
Հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված ջոկատի դեմ կատաղի մարտում հայ զինծառայողները թշնամուն պատճառել են մեծաքանակ կենդանի ուժի կորուստներ:
Սպաներից բաղկացած խումբը կռվել ու չի նահանջել, սեփական օրինակով զինվորին անվախություն ու քաջություն ներշնչելով:
Բարձունքի պաշտպանության ժամանակ  մարտնչելիս ընկել են՝ Ալեքսան Առաքելյանը,  Օնիկ Գրիգորյանը,  Մաքսիմ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը,  Սուրեն Մելքումյանը,  Սաշա Գալստյանը, Բագրատ Ալեքսանյանը,  Կարեն Ներսիսյանը,   Ժորա Եսայանը,  Բորիս Օզմանյանը,  Ադամ Սահակյանը, Տիգրան Բերակչյանը, Անդրանիկ Գրիգորյանը։
Մայոր Սուրեն Գրիշայի Մելքումյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ նախագահի կոցմից  «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Սուրենն ամուսնացած էր, ունի չորս որդի ,ովքեր նույն ոգին ու հայրենասիրությունը ժառանգել են իրենց հորից ,ինչպես ժամանակին Սուրենը ժառանգել էր իր հորից։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`