10/10/2018

Այսօր Չապլին Մարգարյանի մահվան տարելիցն է


Գյումրի 10.10.2018թվ. Banak.info
20173թվ. հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Չապլինը մահացել է զինվորական հոսպիտալում։
Դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պարզման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Չ. Մարգարյանի մահվան պատճառ են հանդիսացել նաև մարտական հենակետերում ինժեներական աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնները չպահպանելը, և այդ կանոնների պահպանման նկատմամբ մարտական հենակետի պատասխանատուի կողմից առերևույթ ցուցաբերված անփույթ վերաբերմունքը:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազության հանձնարարությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով նախատեսված առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է հենակետի պատասխանատու, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Տ.Պ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության պաշոնական կայքը։
Նշենք նաև, որ Չապլին Մարգարյանը Արմավիրի մարզի Արմավիր համայնքից էր, ունի երկու եղբայր։ Պարտադիր զինվորական ծառայության էր անցել 2017թվ. ձմռանը՝ ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։
Չապլին Արմենի Մարգարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: 
Տեղեկացրու՛ ընկերներիդ`