20/10/2018

«Ամեն մի գիրք մի փամփուշտ է, որով մեր զորքն ու զինվորը հզորանալու են»

«Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ «Լուսնի ասպետը» գրքի շնորհանդեսը: Այն նվիրված է Ապրիլյան պատերազմում արիաբար զոհված Հայկ Թորոյանին: Գիրքը տպագրելու միտք սկզբից չի եղել, սակայն ինչպես նշում է գրքի հեղինակ Արմինե Մուրադյանը, Հայկ Թորոյանի տուն այցից հետո ոգևորված որոշում է կայացրել ՝ գիրքը հանձնել տպագրության: Հարցին, թե ինչու՞ է վիպակը վերնագրել «Լուսնի ասպետ», ասաց. «Լուսինն իմ ստեղծագործական մուսան ու տարերքն է։ Վիպակում շատ պատկերներ եմ ներառել կապված լուսնի հետ։ Այն ինձ համար հավերժության խորհրդանիշ է։ Իսկ հերոսը, որը պայքարել է հայրենիքի համար , հավերժական ասպետ՝ լուսնի ասպետ»։ Հայկ Թորոյանին երբեք չի տեսել հեղինակը, իրեն հաճախ է հարցրել՝ ինչու՞ հենց Հայկի մասին գրել. «Ինչ-որ անբացատրելի ուժ ինձ ուղղորդեց, որ գրեմ հենց իր մասին։ Եվ հետագայում ես հասկացա, որ իզուր չէ, որ հենց իր մասին պետք է գրեի, քանի որ Հայկը բոլոր նրանց համար, ում հետ զրուցել եմ իր մասին, նկարագրել են իրեն՝ որպես անձնվեր ու յուրահատուկ մարդու և զինվորականի,-ասում է»։ Գիրքը գրվել է Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո ՝ մի գիշերվա մեջ՝ լիալուսնի տակ:

«Չեմ էլ հիշում ինչպես եմ սկսել և ինչպես ավարտել»։ Գրքի բովանդակությունը միևնույն ժամանակ իր մեջ պարունակում է սեր և´ հայրենիքի հանդեպ և´ սիրած էակի. «Առաջին հայացքից սիրո մասին վիպակի հտևում թաքնված է հայրենասիրությունը, անձնվիրությունը և ինքնամոռաց նվիրվածությունն այն ամենին, ինչին տրվում ես քո ամբողջ հոգով և սրտով։ Վիպակում նկարագրված է անպարտելի և իրական տղամարդու կերպարը՝ հանձին Հայկի , և ժամանակի հորձանուտում կարևորը երկրորդականից չզատող աղջիկը՝ Անին, ով սակայն վերջում է միայն գնահատում հերոսի պատկերացրած կյանքի արժեքները, թեև արդեն ուշ է լինում»։ Գրքի հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Ապրիլյան պատերազմում վիրավորված Հրայր Բաղդասարյանին,ով այժմ ունի վիրահատության կարիք. «Հրայրը կռվել է Թալիշի դիրքերից մեկում, որտեղ Հայկը զինամթերք էր տանում, սակայն չհասցրեց: Գումարը փոխանցվելու է Հրայրին՝ Հայկի չհասցրած զինամթերքի փոխարենԱմեն մի գիրք մի փամփուշտ է, որով մեր զորքն ու զինվորը հզորանալու է»,-ասում է հեղինակը: Միջոցառման հյուրերն էին Հայկ Թորոյանի ընտանիքի անդամներն ու բարեկամները, Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներից մի քանիսը, հեղինակի ընկերները, ինչպես նաև գրքի լույսընծայմանն աջակցող մարդիկ և այլք: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքերով հանդես եկան գրքի տպագրմանն աջակցած մարդիկ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և կանգնել են հեղինակի՝ Արմինե Մուրադյանի կողքին: Ելույթ ունեցավ նաև Հայկ Թորոյանի հայրը՝ Վահան Թորոյանը, ով իր շնորհակալությունը հայտնեց գրքի ստեղծման համար: Նշենք նաև, որ գիրքը թարգմանվել է անգլերեն լեզվով:

Մերի Գևորգյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`