18/08/2018

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը մարտական դիրքերը պաշտպանելու կմեկնի Տավուշի մարզ. Տեսանյութ

News.am կայքը գրում է.
Օգոստոսի 23-ին մարտական դիրքերը պաշտպանելու մեկնող Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխի հետ ՀՀ ոստիկանության ապետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Եվ խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ:
«Ոստիկանության զորքերը առանձնանում են իրենց կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասաց ոստիկանության պետը:
Վալերիյ Օսիպյանը հիշեցրեց, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը որքան կազմակերպված և պատվով կատարեցին իրենց խնդիրը, օրինակ բերեց, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայության հետ կապված այլ հարցեր ևս:
Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցեց, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու:
Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն մաղթեց:
«Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասաց ոստիկանության պետը»:



Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`