10/08/2018

Մեր կողքին ապրող հերոս Արման Ավետիսյանը այսօր տոնում է իր տարեդարձը


Գյումրի 10.08.2018թվ. Banak.info
Այսօր՝ օգոստոսի 10-ին, ապրիյան պատերազմում արիությամբ աչքի ընկած Արման Ավետիսյանը տոնում է իր ծննդյան 22 ամյակը։
2016թվ. ապրիլի 1-ին Արմանն ու ծառայակիցները բարձրացել էին մարտական դիրքեր հերթափոխն ընդունելու։

Առավոտյան ժամը 4:30-ին անակնկալ հարձակվեցին: «Սկզբում ականանետներով էին հարվածում, բայց դա սովորական երևույթ էր, մեզ թվաց՝ հերթական սադրանքն է, որը 2-3 օրը մեկ լինում է: Դիվերսիոն փորձեր հաճախ են եղել, բայց առավել չեն ծավալվել, միշտ կարողացել ենք հետ շպրտել: Չէինք մտածում, որ այս անգամ ռազմական գործողություններ են սկսել, պատերազմ է: Բայց զգացինք, որ առանց դադարի են կրակում ու իրենց, հիմնականում, բարձունքն է հետաքրքրում: Նախ բարձունքի դիրքերի վրա հարձակվեցին, մենք էլ այդ բարձունքը պահող դիրքերից մեկն էինք։

Կողքի դիրքերում արդեն լուրջ մարտեր էին ընթանում, վերևում անօդաչու սարքեր էին հայտնվել, թուրքերը դիրքեր էին մտել… Արդեն գիտակցում էինք, որ լայնածավալ պատերազմական գործողություններ են սկսվել: Մեր դասակի հրամանատարը՝ լեյտենանտ Շահբազյանը, գնաց առաջնագիծ՝ տեսնելու, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ շարժ է: Առաջնագծում ինչ-որ մեկին նկատելով՝ կրակել էր, ու իր ուղղությամբ նռնակ էին գցել: Վիրավորվել էր:

Այդ պահին չես էլ հասկանում, թե ինչն է քեզ ստիպում նման քայլի դիմել: Նա սահմանից 10-15 մետր էր առաջ գնացել ու վիրավորվել: Նռնակի պայթյունից ոտքերում բազմաթիվ բեկորներ էին հայտնվել, չէր կարողանում քայլել: Ինձ ասում էր՝ չէ՛, հե՛տ գնա, ինձ վրա կրակում են, վտանգավոր է: Արդեն ինձ էլ էին նկատել, ինձ վրա էլ կրակում էին, բայց փորձեցի դուրս բերել նրան: Ճանապարհի կեսն էինք վերադարձել, իմ ոտքերի տակ էլ նռնակ գցեցին: Երկու-երեք անգամ փորձեցի կանգնել, չկարողացա: Սկզբում մտածում էի, թե գլուխս է պտտվում: Ձայներն այնքան խուլ էին լսվում, որ կարծեցի՝ թմբկաթաղանթներս է պայթել հարվածից»,- Aysor.am-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է Արմանը։

 Ապրիլյան պատերազմից հետո Արմանը մշտապես այցելում է իր զոհված ընկերների ծնողներին, փորձելով ընկերների կարոտը առնել նրանց ծնողներից։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրակազմը շնորհավորում է Արման Ավետիսյանին մաղթելով քաջառողջություն, հաղթանակներ ու նպատակների իրականացում։

Հարցազրույցի շարունակուկությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`