10/08/2018

Մեր կողքին ապրող հերոս Գոռ Դարմանյանն այսօր տոնում է իր տարեդարձը

Գյումրի 10.08.2018թվ. Banak.info
 Այսօր մեր կողին ապրում են տղաներ, ովքեր համեստորեն լռում են և երբեք չեն խոսում սեփական սխրանքների ու հաղթանակների մասին։ Նրանցից մեկը Գոռ Դարմանյանն է, ով այսօր՝ օգոստոսի 10-ին, նշում է իր ծննդյան 23-ամյակը։
Գոռը ծնվել է 1995թվ. Արագածոտնի մարզի Թալին քաղաքում։
Զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Մարտակերտի շրջանի  «Եղնիկներ»  կոչվող զորամասում:
Մինչ զորակոչվելը Գոռը սպորտով է զբաղվել ու կոփվել, որը և հետագայում նպաստել է, որ ծառայությունը իրականացնի հետախուզական ստորաբաժանումում։

 2015թվ. մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ։ 
Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին հետ նահանջել։Հակառակորդին դիմագրավելու ժամանակ, արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.), Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), իսկ օրեր անց զինվորական հոսպիտալում մահացել է դիվերսիան կանխելու ժամանակ ծանր վիրավորում ստացած Սամվել Սասունի Հակոբյանը (1995թ.)։
Այս գործողությունների ժամանակ Գոռը նույնպես հրազենային ու բեկորային ծանր վիրավորումներ էր ստացել, բժիշկները Գոռի կյանքը մեծ դժվարությամբ են փրկել։ 

 Մարտի 19-ի մարտը առաջինը չէր Գոռի համար։ Նա բազմաթիվ անգամներ առճակատվել էր թշնամու հետ ու արժանապատվորեն հաղթել։
Գոռ Դարմանյանը ցուցաբերած անձնական խիզախության ու արիության համար պարգևատրվել է ՀՀ և ԱՀ նախագահների կողմից «Արիություն» մեդալներով։
Հանուն Հայ Զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրակազմը շնորհավորում են  Գոռին՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր հաղթանակներ ու նպատակների իրականացում։

Ալվինա Հարությունյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`