24/06/2018

Այսօր Արթուր Գևորգյանի տարեդարձն է

Գյումրի 24.06.2018թվ. Banak.info
Այսօր՝ հունիսի 24-ին, հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված Արթուր Գևորգյանը կդառնար 21 տարեկան։
Արթուրը ծնվել է 1997թվ. Աբովյան քաղաքում։
Արթուր անվանակոչվել էր ի պատիվ Արցախյան ազատամարտում զոհված քեռու։
Սովորել է Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցում, ավարտելուց հետո 2012թվ. մեկնել է ՌԴ աշխատելու նպատակով։
2015թվ. վերադարձել է և անցել պարտադիր զինվորական ծառայության Արցախի՝ Մեխակավանի (Ջեբրայիլ) N զորամասում որպես՝ ավագ-գնդացրորդ։
Արթուրի քույրը պատմում է, որ եղբայրը ծառայության մեծ սիրով է անցել, լայն ժպիտը դեմքին ու հպարտության մեծ զգացումով։
2016թվ. ապրիլի 1-ին Արթուրը վերջին անգամ խոսել էր ծնողների հետ ու բարձրացել մարտական հերթապահության։
Ապրիլ 1-ի լույս` 2-ի գիշերը թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների կասեցման ժամանակ Արթուրն ու ծառայակիցները թշնամու դեմ անզիջում պայքարում ընկել են քաջի մահով։
Արթուր Գառնիկի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Արիության համար» և ԱՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալներով։
Քույրը նշում է , որ եղբայրը կյանքով լեցուն երիտասարդ էր, ապրելու ու արարելու մեծ ձգտումով, օժտված տարբեր տաղանդներով՝ նկարում էր, երգում, բայց իր ամբողջ ժամանակը տրամադրում էր աշխատելուն։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:


Ալվինա Հարությունյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`