28/01/2018

Մեր օրերի լեգենդար հրամանատարը` Արմենակ Ուրֆանյան

1990 թվականի հունվարի 28-ին ծնվեց Արմենակ Ուրֆանյանը, ով իր ծնունդով նախանշեց Հայոց Բանակի կազմավորման օրը` ընդամենը 2 տարի անց նույն օրը `1992 թվականի հունվարի 28-ին ծնվեց Բանակը: Դեռ փոքր տարիքից երազում էր զինվոր  դառնալ. ‹‹Մամ, ես գնդապետ եմ դառնալու››: Ինչ իմանար, որ կյանքի ուղին այնպես կընթանար, որ ընդամենը 26 տարեկանում Հերոսի կոչումով կանմահանար…
‹‹Մամ, մի բան ասեմ` գալիս եմ տուն, չեպե եմ արել, ինձ զորացրել են››:
Ապրիլմեկյան այս վերջին կատակով Արմենակը կմնա մոր հուշերում.դա նրանց վերջին զրույցն էր: Զորացրվեց…բայց որպես հավերժի մարտիկ ու իր հանգիստը գտավ Եռաբլուրում:
2016 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի սահմանի  ամբողջ երկայնքով թշնամու ձեռնարկած լայնամասշտաբ  հարձակման առաջին թիրախը հյուսիսարևելյան սահմանի արդեն լեգենդար 116-րդ մարտական դիրքն էր, կամ ինչպես ասում են` Մարտակերտի դարպասը: Ժամեր շարունակ, ընդամենը վեց զինվորների հետ թշնամու երեք գրոհներից երկուսը հետ մղեց: Թեժ կռվի մեջ մի քանի անգամ կապ հաստատելով հրամանատարության հետ, ասել էր.
‹‹Մենք դեռ պահում ենք դիրքը, բայց երկար չենք կարող, հասեք, որ գոնե մեզնից հետո դիրքը չմնա թշնամուն››:
Երրորդ գրոհը ճակատագրական եղավ` զոհվեց հրամանատարը և իր կողքին Քյարամը` նվիրված զինվորը:
2016 թվականի մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կատարած սխրանքի ու անձնազոհության  համար հետմահու պարգևատրվել է ՀՀ ‹‹Մարտական խաչ›› 1-ին աստիճան  շքանշանով:
Հայրենասեր, զինվորի համար ընկեր ու եղբայր հրմանատար էր Արմենակ Ուրֆանյանը: Իր մեծ սերը Մարտակերտի  ու զինվորների հանդեպ սահման չուներ:
‹‹Զինվորին պետք է սիրել, շատ սիրել››- հաճախ կրկնում էր նա: Զինակից ընկերներների ու զինվորների հուշերում  միշտ կմնա իր նվիրված ու բարի կերպարով: Պատմում են, որ առանց կոնֆետի դիրք չէր բարձրանա: Հատուկ սեր ուներ թեյերի նկատմամբ, միշտ զինվորների համար բաժին էր հանում: Մի անգամ, դիրքում զինվորներից մեկի քունը տանում էր , Արմենակը երկժամյա հերթափոխը անձամբ ստանձնեց` զինվորին ուղարկելով քնելու:
Արմենակի մասին երկար կարելի է, գրել, խոսել… Գնդապետ չդարձավ, կիսատ մնաց երազանքները, սերը… բայց իր անունը  դրոշմեց հայոց պատմության էջերում` լեգենդար հրամանատարի կոչումով: Արմենակ Ուրֆանյանի նման քաջ սպաներով է հզոր Հայոց բանակը` մեր գոյության միակ երաշխավորը:

Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և  banak.info կայքը շնորհավորում են կապիտան Ուրֆանյանի ծննդյան օրը և կիսում կորստյան ծանր վիշտը

Արմինե Պողոսյան


Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`