24/01/2018

Արայիկ Ռուդիկի Մատինյան

Գյումրի 24.01.2018 Banak.info
1997թվ. Լոռու մարզի Շնող գյուղում ծնվել ու ապրել է Արոն, ինչպես նրան դիմում էին ծառայակիցները։
Փոքրուց աշխույժ ու շարժուն երեխա էր, սիրում էր սպորտով զբաղվել, ժամանակը երբեք զուր չէր վատնում։
Արայիկը սովորել է Շնողի միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո մեկնել ՌԴ։ Ծառայության անցնելու նպատակով վերադարձել է Հայաստան։
Արայիկի քրոջ խոսքով նա մեծ սիրով էր անցել ծառայության ու երբեք դժգոհություն չէր հայտնել։
2016թվ. հունվարի 8-ին ուրախ ու բարձր տրամադրությամբ անցել է ծառայության Արցախի Մարտունու N զորամասերից մեկում։
Արայիկը դիպուկ կրակում էր, հեշտությամբ կատարում կրակային առաջադրանքները, որի արդյունքում առաջարկ էր ստացել մասնակցել դիպուկահարի դասընթացների, որին Արայիկը մեծ ուրախությամբ համաձայնել էր։
Դասընթացի ավարտից հետո Արայիկը վերադարձել է զորամաս և ծառայությունը շարունակել որպես դիպուկահար։
2017թվ. հունիսի 16-ին, ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Զոհված երեք զինծառայողները հետմահու պարգևատրվել են ԱՀ նախագահի կողմից  «Մարտական ծառայություն» մեդալով։
Ծառայության ժամանակ արժանացել է բազմաթիվ խրախուսական արձակուրդների, պատվոգրերի ու շնորհակալագրերի ԱՀ և ՀՀ Նախագահների կողմից։
Տղերքի հիշատակն հավերժացնելու համար ծառայակիցները զորամասում փոքրիկ հուշաքար են տեղադրել նրանց անուններով:
Հանուն հայ զինվորի ՀԿ-ն և Banak.info կայքի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:




Ալվինա Հարությունյան

Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Տեղեկացրու՛ ընկերներիդ`