30/10/2017

ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ. «Մարտիկի» անդրադարձը Ազգ-բանակ ծրագրին


Հանուն հայ զինվորի ՀԿ-ն սույն թվականի օգոստոսի 23-ից 26-ը Արցախի ՊԲ մի շարք զորամասերում իրականացրել է Ազգ-բանակ անունը ստացած միջոցառումների շարքը, որին է նվիրված «Մարտիկ» պաշտոնաթերթի թիվ 37-38 համարում միջոցառման անդրադարձը։ Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։
Բանակ-հասարակություն կապի ամրապնդումը հիմնված է բանակի և հասարակության միջև համագործակցության, ավելի ճիշտ` զորամասերի և հասարակական կազմակերպությունների միջև ընկերության վրա: Իսկ իսկական ընկերությունը սկսվում է ջերմ ընդունելությունից և բարի ժպիտներից:
            Օգոստոսի 25-ին գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասը ջերմ ընդունելություն ցուցաբերեց մի խումբ ժպտերես երիտասարդների: Երիտասարդները ներկայացնում էին «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը: Երիտասարդ կազմակերպության նախագահն է Դավիթ Թորոսյանը, ով կազմակերպության մի խումբ անդամներով  զորամաս էր այցելել: Մեր զորամասը հերթականն էր կազմակերպության` դեպի Արցախ կազմակերպած առաջին շրջայցի շրջանակներում:
       Կազմակերպության անդամները կարողացան համատեղել հաճելին օգտակարի հետ: Մի խումբ նորակոչիկ զինվորների հետ անցկացվեց սեմինար պարապմունք` համացանցից անվտանգ օգտվելու և այդ ոլորտում հակառակորդի ոտնձգություններից պաշտպանվելու կանոնների ու հնարքների վերաբերյալ:
         Սոցիալական կայքերի օգտագործման կանոնները պարզաբանելուց հետո հյուրերը զորամասի հրամանատարի` ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ զբոսնեցին զորամասի տարածքում: Արցախյան ազատամարտի բովում հիմնված և ապրիլյան պատերազմի հերոսների դարբնոց դարձած զորամասում հյուրերն ամենաշատը հուզվեցին` դիտելով 2016թ. ապրիլին ընկած նահատակների փառքի անկյունը: Այնուհետև, զինվորական շարասյուների հետ միասին կազմակերպության անդամները մտան ճաշարան` համտեսելու զինվորական ճաշը, որը նրանց, ի դեպ, շատ դուր եկավ: Շուտով զորամասի շարահրապարակը լցվեց զինվորներով. հյուրերը նաև համերգային ծրագիր էին պատրաստել: Մարտակերտի կիզիչ արևն ամենևին էլ չխանգարեց, որ շարահրապարակը թնդա հայրենասիրական երգ ու պարից: Ավելի քան մեկ ժամ զինվորները կազմակերպության անդամների հետ թև թևի տված պարում էին ու երգում:
            Համերգի ավարտին կազմակերպության անդամները շնորհակալություն հայտնեցին զորամասի հրամանատարությանը և շնորհակալագրեր հանձնեցին լավագույն զինվորներին: Իր հերթին զորամասի անունից շնորհակալություն հայտնեց մայոր Ա. Մկրտչյանը և, որպես երախտագիտության հավաստիք, կազմակերպությանը հանձնեց զորամասի հրամանատարի կողմից շնորհված պատվոգիրը:
            Պարզվեց, որ սրանով էլ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության պատրաստած անակնկալները չավարտվեցին: Զինվորների համար հյուրերն իրենց հետ բերել էին հովանավորների կողմից տրամադրված քաղցրավենիք և հիգիենայի պարագաներ: Այդ ամենը զորամասի հրամանատարության ջանքերով նույն օրն ուղարկվեց մարտական դիրքեր:
            Համերգն ավարտելուց հետո հյուրերը դեռ երկար ժամանակ չէին ցանկանում հրաժեշտ տալ զորամասին: Իսկ հրաժեշտի պահին խոստացան, որ առաջին այցելությունը վերջինը չի լինի:
Արտուր Աղաջանյան
շարքային
Համարն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`