10/03/2017

Արգիշտի Արծվիի Գաբոյան

Գյումրի 10.03.17 Banak.info
Պարոնայք Սպաներ, հոգիները ձեր` հողն ու սահմանն են...
Արգիշտին ծնվել է 1991թվ. Շիրակի Մարզ, գյուղ` Մեծ Մանթաշ: 2008թվ. ավարտելով դպրոցը ընդունվել է Վ.Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ: Ավարտելուց հետո ծառայութան է անցել ԱՀ` Թալիշում, որպես հրաձգային վաշտի հրամանատար:
Արգիշտին դեռ մանկուց գնահատել է Հայրենիքը, քանի որ նա ուներ իր իսկ հայրիկին, որպես օրինակ, Արցախյան պատերազմի տարիներին Արգիշտիի հայրը առաջիններից էր, ով կամավոր մեկնեց Արցախ:
Փոքր տարիքից Արգիշտին միշտ եղել է Արցախում, կապվել է ու սիրել: Պատերազմի ավարտից հետո Արգիշտիի հայրը պայմանագրային զինծառայող է դառնում և պահպանում կերտած անկախությունը:
Արգիշտիին բնութագրում են որպես ուժեղ մարդու տեսակ, իրական հայրենասեր հայ, չպարտվող, չկոտրվող նպատակասլաց ու խիստ, բայց և յուրահատուկ լավ Մարդ: Նույն զորամասում ծառայող զինվորներից մեկը բնութագրում է հերոսին «Խիստ ու պահանջկոտ հրամանատար, բայց լավ ու գիտակից Մարդ, օգնող ու գնահատող ու շատ հայրենասեր»:
Ծառայության ժամանակ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացել և լավ ու բարեխիղճ ծառայության համար Կապիտանի կոչում է ստացել, իսկ ծառայության ընթացքում ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
2016թվ. Մայիսի 9-ին Արգիշտին պլանավորել էր զորամասում Վազգեն Սարգսյանի թանգարան բացել, քանի որ շատ էր սիրում Սպարապետին, սակայն ապրիլը կիսատ թողեց շատ ու շատ նպատակներ..
Զինգրքույկում Արգիշտին մի թուղթ է ունեցել, որի վրա առանձնացված գրված են եղել նրա կյանքի պարտադիր կանոնները, որը նա միշտ իր մոտ է պահել և առաջնորդվել դրանցով՝ 
«Մարդ հանդիսանում է իր երկրային ճակատագրի տերը»,
«Ես ինքս պետք է հարթեմ իմ ճանապարհը ինչքան էլ դժվարություններ հանդիպեն կյանքում», 
«Ես կարգատիպն եմ իմ բախտի և ղեկավարն իմ հոգու»:
2016 ապրիլ....
Ապրիլյան պատերազմին հայր ու որդի առաջնագծում էին, իրենց տեղում ու իրական զինվորի պես ամեն անգամ, երբ հայրենիքը վտանգի մեջ է ինչպես հայրը, այդպես էլ որդին կանգնած էին իրար ուս-ուսի:
Ապրիլի 2-ին նրանք հանդիպեցին Թալիշում։ Վերջին անգամ գրկախառնվեցին ու Արգիշտին գնաց իրեն առաջադրված մարտական խնդիրը կատարելու ...
Ապրիլի 4-ին սկսվեց ուժեղ հրաձգություն, անհավասար մարտում զոհվեցին Արգիշտիի մարտական ընկերները, նա զինվորներին հրամայեց կրակով պահել իր թիկունքը, որպեսզի նա դուրս բերի զոհված ընկերների մարմինները: Կրակի դադարից հետո, Արգիշտիին էլ ոչ ոք չտեսավ։ Նա գնաց իր մարտական ընկերների մոտ:
Մերօրյա Հերոսը հետմահու պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից ՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԱՀ Նախագահի կողմից`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով:
Հերոսի սխրանքին ի պատասխան հարազատ դպրոցում Ռազմագիտության դասասենյակ է բացվել, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում Հավերժ Զինվորի անկյուն` նվիրված Արգիշտիին և նաև ինստիտուտի տարածքում հուշաքար է կանգնեցվել ի Հիշատակ Հերոսների:
Արգիշտիի Մարդ տեսակին կարելի է անվերջ բնութագրել ու նկարագրել, բայց ինչ էլ ասենք միևնույնն է ամեն ինչ քիչ է նրանց սխրանքի դիմաց:
Տեսակ, որ անկոտրուն է, անվախ է ու գիտի ինչ է ուզում ու հստակ գիտի ինչ է Հայրենքը:
Սովորե'նք Արգիշտիից, կարողանանք լինել հայրենասեր հայ, մարդ, ով մանկուց տեսել է իր հոր պայքարն ու հաղթանակը, լինենք նվիրված ու գնահատենք ամեն մի թիզ հող:
Շնորհակալ եմ քեզ Հերոս Եղբայր, որ գիտակցված գնացիր ու հաղթեցիր։ Դու կաս ու ապրում ես մեր մեջ ու մեր կողքին, իսկ քո Սուրբ գործը շարունակելու ենք մենք ու երբեք թույլ չենք տալու, որ ձեզ մոռանան...
Փա'ռք քո Անմահ հիշատակին` Հերոս Եղբայր...
                                                   





                    
Նյութը պատրաստեց՝ Ալվինա Հարությունյանը:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց banak.info-ին հղման արգելվում է:
Տեղեկացրու՛ ընկերներիդ`